Մինչև 2017 թվականը Բագրատաշեն-Սադախլո նոր կամուրջ կկառուցվի, որի համար կծախսվի 10.5 մլն եվրո: Բացի այդ՝ կվերանորոգվեն ու կարդիականացվեն Հայաստան-Վրաստան սահմանին գտնվող երեք անցակետերը:
«Սարքավորումների տրամադրում «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագրով կծախսվի ընդհանուր առմամբ 60 մլն եվրո: Ծրագիրն իրականացվում է 2013 թվականից՝ ԵՄ-ի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: ԵՄ ֆինանսավորումը կազմում է 3 մլն 582 հազար 500 եվրո:
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի սահմանների համալիր կառավարման ծրագրերի ղեկավար Գրիգորի Մալինցյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը մեծ առաջընթաց կլինի սահմանի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ճանապարհին, և այդ ծրագրի շնորհիվ 2015թ. ավարտին հնարավոր կլինի ունենալ երեք արդիական անցակետեր, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների շարժը՝ առանց կրկնվող գործառույթների ու բյուրոկրատիայի:
Դիտեք «Առաջին լրատվական»-ի զրույցը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի սահմանների համալիր կառավարման ծրագրերի ղեկավար Գրիգորի Մալինցյանի հետ: