Առաջին 9 ամիսների ընթացքում առաջին 1000 հարկատուների տված հարկերն ավելացել են 17.7 տոկոսով: Իսկ առաջին 9 ամսում բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 19.2 տոկոսով: «Հիմա հասարակ մաթեմատիկական հարց եմ տալիս. ի՞նչ եք կարծում, խոշորի դերը պակասե՞լ է, թե՞ մեծացել: Իհարկե, պակասել է: Հիմա հարց տանք վարչապետին. ինչի՞ դեմ էր պայքարում այս տարի, որ խոշորները հարկ տա՞ն: Այստեղ երկրորդ կարծիք չկա. ուզում եք նորմալ ապրել, ուզում եք նորմալ հարստանալ, ապա պետք է վերջ տալ օլիգարխիային»,-ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօրվա ասուլիսում` անդրադառնալով մեր այն հարցին, թե իր կարծիքով` ինչով է պայմանավորված այն, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ»-ը, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի կոնյակի գործարանը», Միխայիլ Բաղդասարովի «Միկա Քորփորեյշն» ընկերությունը եւ մյուս օլիգարխներն ավելի քիչ հարկ են վճարում, քան համալսարանները եւ եկեղեցին: