Ադրբեջանական 1news.az լրատվական կայքի փոխանցմամբ, երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացել է Թուրքիայի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Ֆերիդուն Սինիրլիօղլուի և Արազ Ազիմովի հանդիպումը: Դրանից հետո Ազիմովը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի օգնական Ֆաթիհ Ջեյլանի և Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Բագիրովի հետ:
Այս հանդիպումների ժամանակ մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրները:
Այդ հանդիպումներից հետո Ազիմովը մասնակցել է թուրքական հեղինակավոր «Hurriyet Daily News» թերթի հատուկ ռեպորտաժին:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը մեկնելու է Մոսկվա, ուր, ամենայն հավանականությամբ, անդրադառնալու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչի համար էլ այժմ ցանկանում է մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման մանրամասների շուրջ առավել տեղեկացված ու ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված մեկնել Ռուսաստան: