Թուրքական Zaman թերթի հաղորդմամբ, մարտի 3-ին, լրագրողներ Նեդիմ Շեների, Ահմեթ Շըքի ու Յալչըն Քյուչուքի հետ մեկտեղ, ձերբակալվել է նաև Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) աշխատակից Քաշիֆ Քոզինօղլուն: Վերջինիս ձերբակալման վճիռը կայացրել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցավորությունների դատարանը: Այժմ Քոզինօղլուն մեղադրվում է ահաբեկչական «Էրգենեկոն» կազմակերպությանն անդամագրվելու և գաղտնի տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ: Քոզինօղլուն բերման է ենթարկվել Աֆղանստանում, որտեղից էլ թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռով հասցվել է Անկարա:
Նշվում է, որ Քոզինօղլուն տեղեկատվություն է հավաքել MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանի ու նրա ընտանիքի մասին:
Հիշեցնենք, որ «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությունում ընդգրկված են եղել տարբեր հոսանքների քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արհմիութենական առաջնորդներ ու ակտիվիստներ, պաշտոնաթող զինվորականներ, լրագրողներ, համալսարանների դասախոսներ ու ռեկտորներ:
«Էրգենեկոն»-ը գործող իշխանություններին տապալելու համար պլանավորել էր տասնյակ մահափորձեր իրագործել ու սրել իրավիճակը սուննիների ու ալեվիների, թուրքերի ու քրդերի միջև: Այդ մահափորձերի արդյունքում նախատեսվում էր երկրի ներքաղաքական անկանոնության (որն առաջանալու էր ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտումից) վրա հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը: Փաստորեն, «Էրգենեկոնի» հիմնական նպատակը Թուրքիան որպես աշխարհիկ երկիր պահելն էր: