Թուրքական «Milliyet» թերթի փոխանցմամբ, Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) փոխնախագահ Օքթայ Վուրալն անդրադարձել է վարչապետ Էրդողանի կողմից շարունակ թմբկահարվող երկրում առկա քաղաքացիական ազատությունների խնդրին.
«Վերջին մեկ տարվա ընթացքում Էրդողանի անունը թուրքական մամուլում շոշափվել է 26,554 անգամ, մինչդեռ ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի անունը` 2,559 լուրերում: Եթե հաշվենք դրա գովազդային ժամանակը, ապա Էրդողանի դեպքում այդ ցուցանիշը կկազմի 1,3 տրիլիոն դոլար, իսկ Բահչելիի դեպքում` 150 միլիոն դոլար»:
Հիշեցնենք, որ Վուրալը շարունակ հանդես է գալիս Էրդողանի ու նրա գլխավորած Արդարություն ու զարգացում կուսակցության հասցեին սուր քննադատություններով` նրանց մեղադրելով իրենց կուսակցության լիկվիդացման պլանավորման մեջ:
Դրա հետ կապված` Վուրալը ոչ վաղ անցյալում հայտարարել էր. «Ինչպիսի՞ն կլինի թուրքական խորհրդարանը, եթե ԱՇԿ-ն լիկվիդացվի: Դա «կնմանվի» մարդու իմունային համակարգի խախտմանը. եթե մարդը թույլ է լինում, ապա վիրուսներն արագորեն ներթափանցում են նրա մարմնի մեջ, և մարմինը հիվանդանում է: Նույն իրավիճակը կլինի նաև թուրքական խորհրդարանի պարագայում. եթե ԱՇԿ-ն թուլանա, ապա մենք բոլորս «կվերադառնանք» հիվանդ Թուրքիային»: