Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, այսօր Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի գլխավոր նիստում ընդունվել է Թուրքիայում քաղաքացիական ազատությունների մասին զեկույցը, որը թուրքական կողմը որակել է որպես վերջին տարիների ամենախիստ զեկույց:
Դրանում նշված է այն մասին, որ Թուրքիայում լրջորեն ոտնահարվում է խոսքի ազատությունը, թերացումներ կան դատական համակարգում, ոստիկանությունը բռնություններ է գործադրում «Էրգենեկոնի» և «Բալյոզի» գործերով ձերբակալված անձանց հանդեպ, մի շարք ինտերնետային կայքեր արգելափակվել են:
Զեկույցում նաև ցանկություն է հայտնվել, որ թուրքական իշխանություններն ապահովեն կասկածյալների իրական դատական անվտանգությունը: Բացի այդ, Եվրախորհրդարանը թուրքական իշխանություններին կոչ է արել զորքերը դուրս բերել Կիպրոս կղզու հյուսիսային հատվածից:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին թուրքական դատարանի հրահանգով ձերբակալվեցին 163 նախկին և գործող զինվորականներ, այդ թվում` նաև մի շարք գեներալներ ու ծովակալներ: Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված էր նրանով, որ Էրդողանին վախեցրել էր Թուրքիայում նոր ռազմական հեղաշրջման ուրվականը` կապված արաբական աշխարհի վերջին զարգացումների հետ: