Թուրքական զինված ուժերի նախկին անդամներից բաղկացած կամավորականների «Քամիների միության» ղեկավար Յուսուֆ Արփաջըքը salamnews-ին հայտնել է, որ չի կասկածում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների անհաջողության դեպքում ղարաբաղյան նոր պատերազմն անխուսափելի կդառնա: Նրա կարծիքով վաղուց ժամանակն է «ազատագրել» ադրբեջանական հողերը «օկուպացիայից»:
Նա շեշտել է, որ իր զորամիավորումը գտնվում է ռազմական պատրաստականության մեջ և ցանկացած պահի պատրաստ է ներգրավվել ռազմական գործողություններին:
«Չենք պատրաստվում պատերազմի դեպքում սպասել ադրբեջանա-թուրքական պաշտոնական կապերի հաստատմանը կամ միջազգային հանրության արձագանքին, այլ անհապաղ սկսելու ենք «Ղարաբաղի ազատագրումը»,- ասել է Արփաջըքը:
«Քամիների միությունը» թուրքական բանակի և ներքին օրգանների հատուկ ծառայությունների նախկին անդամներից կամավորության սկզբունքով ձևավորված միություն է, որի գաղափարախոսության հիմքում պանթուրքիստական նպատակներն են: Նրանք իրենց գործողությունները համաձայնեցնում են թուրքական բանակի հրամանատարության հետ, սակայն ուղիղ կապ չունեն դրա հետ և ենթակայության տակ չեն: