Ռուսաստանից Հայաստան հասնող և Վրաստանով անցնող գազատարի նկատմամբ Ադրբեջանը հետաքրքրություն է ներկայացրել: Հայաստան այցի ընթացքում Վրաստանի վարչապետը վստայհեցրել է, որ իրենք չեն վաճառի գազատարը Ադրբեջանին:
«Համաշխարհային տնտեսությունը և միջազգային հարաբերությունները» ամսագրի գլխավոր խմբագիր, Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտական խորհրդի անդամ Անդրեյ Ռյաբովը այդ հանգամանքը չբացառեց և դա միանգամայն հասկանալի համարեց.
«Ես դա չեմ քննադատում, քանզի երկիրը ցանկանում է հասնել որոշակի հավասարակշռության, ազատվել տնտեսական կախվածությունից, այդ թվում նաև Ռուսաստանից, բայց, իմ կարծիքով, դա այդքան էլ հեշտ հարց չէ, քանզի այդ գազատարի հետ բավականին շատ հետաքրքրություններ են կապված` ոչ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի, այլև մի շարք այլ երկրների, որոնք գտնվում են տարածաշրջանից թե արևելք, թե արևմուտք»:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Ռյաբովը նշեց, որ, եթե, այդուամենայնիվ, այս հարցը լուծվի, ապա դա կլինի շատ բարդ բազմակողմանի դիվանագիտական բանակցությունների, զիջումների, առևտրի արդյունքում:
«Չեմ կարծում, որ այսօրվա դրությամբ դրա շանսերը հարյուր տոկոս են` հարցը բացված է և դեռ շատ լուրջ քննարկումներ են լինելու»,- եզրափակեց փորձագետը: