ԿԲ նախկին նախագահ Բ. Ասատրյանի կարծիքով, մեր ԿԲ-ն պետք է ոչ թե այս տարի, այլ նախորդ տարի բարձրացներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հիշեցնենք, որ ԿԲ-ն վերջերս բարձրացրեց վերաֆինասավորման տոկոսադրույքը` 7.25%-ից դարձնելով 7.75%:
ԿԲ այն բացատրությունը, թե ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2010-ին չի նպաստնել ամբողջական պահանջարկի աճով պայմանավորված գնաճին, սակայն այս տարի կնպաստեր, եթե չբարձրացվեր, Բ. Ասատրյանը հիմնավոր չի համարում:
«Իհարկե, անցած տարի ավելի տեղին կլիներ, որովհետև այդ 2 մլրդ ներարկումները` արտաքին պարտքի հաշվին, բնականաբար մոնետար գործոնների ավելի ճնշող ազդեցություն էին ստեղծելու գնաճի վրա: Այսօր արդեն դա չեզոքանում է, մոնետար գործոնները ավելի թույլ են հանդես գալիս»,- ասաց Բ. Ասատրյանը:
Նա հիմնավոր չի համարում նաև ԿԲ այն բացատրությունը, թե միայն այս տարի է, որ ամբողջական առաջարկի աճով պայմանավորված գնաճը կարող էր երկրորդական ազդեցություններ ունենալ, և այդ պատճառով է, որ վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացվեց այս տարի: «Ես կարծում եմ` ուղղակի չինովնիկական արդարացում է. երբ հարց է տրվում, ինչ-որ մի բացատրություն պետք է տան»,- նշեց ԿԲ նախկին նախագահը: