Ադրբեջանական Թուրան գործակալության ներկայացուցիչ, քաղաքագետ Տոգրուլ Ջուվարլիի կարծիքով, Ադրբեջանը բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի գնի Ռուսաստանից եկող և Վրաստանով Հայաստան հասնող գազատարը:
«Վրաստանը բաց է ներդրումների համար և պատրաստ է վաճառել շատ կառույցներ բյուջեն լցնելու համար: Ադրբեջանը, ունենալով ֆինանսական ռեսուրսներ, կարող է գնել երկրից դուրս գտնվող կարևոր օբյեկտներ: SOCAR-ը ներկայումս ակտիվ է ոչ միայն այստեղ՝ Հարավային Կովկասում, այլև աշխարհի շատ երկրներում: Բայց իհարկե, այստեղ կա նաև որոշակի քաղաքական ենթատեքստ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Ջուվարլին:
Ջուվարլիի խոսքերով, Ադրբեջանը չի թաքցնում, որ տնտեսական գործոնը համարվում է միջոցներից մեկը Հայաստանին դրդելու ակտիվացնել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:
«Իհարկե, ցանկացած մեծ տնտեսական նախագիծ անպայման վերածվում է որոշակի քաղաքական տարրի: Ինչ վերաբերում է Վրաստանի խոստումներին, ապա մենք այդ մասին չգիտենք և ընդհանրապես, ազատ տնտեսության պայմաններում դժվար է հետևել ինչ-որ համաձայնությունների քաղաքական ենթատեքստին»,- հավելեց ադրբեջանցի քաղաքագետը: