Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 450 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացնել Գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի վերջինս սկսի ՀԲ-ի հետ իրականացվող գյուղական զարգացման ծրագրի իրականացումը:
«Սա ՀԲ-ի կողմից մանրակրկիտ մշակված ծրագիր է, որը մենք հիմա ռետրոակտիվ ֆինանսավորում ենք իրականացնում, հետագայում այս 450 հազար դոլարը կվերադարձնեն: Շուրջ 55 համայնքում իրականացվելու են լրջագույն բարեփոխումներ և մի կողմից սոցիալապես անապահով ընտանիքներն են օգտվելու սրանից, անասնաբուծությունն է զարգանալու, չօգտագործվող արոտավայրերն են օգտագործվելու, ճանապարհներ են վերակառուցվելու կաթի մշակման կետեր են լինելու, սառնարանային տնտեսություն և այլն:
Ընդհանուր ծրագիրը շուրջ 23 մլն դոլար է, մենք, որպեսզի ժամանակ չկորցնենք, այսօր մեր բյուջեից հատկացնում ենք 450 հազար դոլար 5 համայնքում կսկսենք պիլոտային ծրագիրը, որը հնարավորություն կտա նաև ավելի լավ հասկանալ, թե ինչպես է ՀՀ-ում ներդրվում այս միջազգային լավագույն փորձը: Գարնանը մնացած 50 համայնքները ևս կներառվեն այս ծրագրի մեջ: Ապագայում եթե ունեցանք հաջողություն, չեմ բացառում, որ լրացուցիչ միջոցներ խնդրենք ՀԲ-ից` ընդլայնելու համայնքների ցանկը»,- հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ այս ծրագրով կհամաֆինանսավորվեն նաև գյուղտեխնիկայի ձեռքբերումները: