ՀՀ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում օրերս հայտնվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր: Այս մասին ասվում է ՊԵԿ տարածած մամլո հաղորդագրությունում:
«Համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է գիշերային ակումբ, որը գործել է հարկային դաշտից դուրս: Ապօրինի գործունեությունը ծավալել էր քաղաքացի Վաղինակ Գրիգորյանը` մայրաքաղաքի Արշակունյաց 34 հասցեում: Համապատասխան պետական գրանցում չունեցող գիշերային ակումբը գործել է կարճ ժամանակ:
Մյուս դեպքում էլ հայտնաբերվել է կաշվի արտադրամաս, որը պատկանել է «Հսկա ցուլ» ՍՊԸ-ին: Ապօրինի ձեռնարկատիրությունը ծավալվել էր Շիրակի 94 հասցեում, այն դեպքում, երբ ընկերությունը չի դիմել հարկային տեսչություն` հաշվառման գրքեր ստանալու համար:
Հարկային մարմինների այցելության պահին արտադրամասում հայտնաբերվել է խոշոր եղջերավոր կենդանու երեք տոննա կաշի: Պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է»,- նշված է այդ հաղորդագրության մեջ: