«Առաջընթացի մասին խոսելը դժվար է, հատկապես` հայկական կողմի համար»,- գնահատելով Աստրախանի եռակողմ հանդիպումը` ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:
Կարապետյանի խոսքերով, այս հանդիպումից առաջընթաց գրանցեց Ադրբեջանը, որը երկու ամիս շարունակ ուզում էր ստանալ դիվերսանտի դին եւ հայկական կողմից միշտ ստանում էր պատասխան, թե պետք է դիմել Ղարաբաղի իշխանություններին. «Այս անգամ Ադրբեջանը կարողացավ ստանալ Սերժ Սարգսյանի հետ ստորագրված փաստաթուղթ եւ այլեւս Ղարաբաղի իշխանություններին չի դիմելու: Երկրորդ` մենք չկարողացանք միջնորդների դատապարտումը ստանալ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների կապակցությամբ: Չդատապարտելով միջնորդները քարտ-բլանշ են տալիս Ադրբեջանին` շարունակելու սադրիչ գործողությունները: Սա Ադրբեջանի համար շահեկան արդյունք է. նա, ինչ ուզում, անում է, եւ երրորդ կողմը չի քննադատում իրեն նման կեցվածքի համար»:
Աստրախանյան հանդիպումը թվով յոթերորդն էր, որը կազմակերպում է Ռուսաստանը: Ըստ Կարապետյանի` բնական է, որ Ռուսաստանը ձգտում է ցույց տալ, որ ինքը հիմնական դերակատարն է այս հակամարտության կարգավորման գործում. «Ուզում եմ հուսալ, որ դա իսկապես անկեղծ է արվում, սակայն այն, որ ռուսական կողմը եւս չքննադատեց Ադրբեջանին, մտահոգություն է առաջացնում: Սակայն ես կարծում եմ, որ դա էլ հայկական կողմի թույլ կեցվածքի եւ պարտվողական քաղաքականության պատճառով է»: